Մ Ա Գ Ի Ս Տ Ր Ա Տ ՈՒ Ր Ա

Մագիստրոսի որակավորման (երկրորդ աստիճան) համար սահմանված է 120 կրեդիտ (երկու տարի տևողությամբ առկա ուսուցում): Մագիստրոսի որակավորումը շնորհվում է ուսման բոլոր բնագավառների համար և ձեռք է բերվում երկու տարվա առկա ուսուցումից հետո: Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի ընդունելության համար սահմանված պահանջը առաջին աստիճանի որակավորման առկայությունն է:
Մագիստրոսի որակավորման կրթական ծրագրերը ներառում են հիմնական և մասնագիտացված դասընթացներ, հետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաներ: Ծրագիրն ավարտվում է ամփոփիչ ավարտական քննությամբ և/կամ մագիստրական թեզի պաշտպանությամբ:
 
Մագիստրոսի որակավորում ստացած շրջանավարտներն ունեն ընտրված ուսման բնագավառի լավ իմացություն, օժտված են անկախ գիտական հետազոտության անցկացման, կառավարման, մասնագիտական ինքնակատարելագործման համար անհրաժեշտ կարողություններով և հմտություններով, ինչպես նաև հաղորդակցական և լեզվական հմտություններով:
 

Մագիստրոսի կամ համարժեք որակավորում (դիպլոմավորված մասնագետ) ունեցող անձինք կարող են դիմել ասպիրանտուրա (դոկտորանտուրա): Այդ դասընթացների նպատակն է ուսումնառուներին տրամադրել հետազոտության ընտրված բնագավառի լայն և համակողմանի տեսական ու գործնական գիտելիքներ, նրանց օժտել նոր գիտելիքների ստեղծման ունակություններով: