ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Կրեդիտային համակարգը Եվրոպայում առանձնակի լայն կիրառում է ստացել հատկապես վերջին տասնամյակում՝ «Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ» /ԿԿՓԵՀ-ECATS/ անվանումով:

Համաձայն Բոլոնիայի հռչակագրի դրույթների՝ նախատեսված էր մինչև 2010 թվականը ստեղծել բարձրագույն կրթության եվրոպական միասնական տարածք /ԲԿԵՏ/, որի իրականացման միջոցներից մեկն է լինելու կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը՝ որպես բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնական մոտեցում: Կրեդիտների փոխանցման եվրոպական ECTS համակարգի շնորհիվ բարձրագույն կրթության համաեվրոպական տարածքում ուսանողների ակադեմիական շարժունության /փոխանակման/ կազմակերպումն ու իրականացումը, շնորհված որակավորումների և դիպլոմների համադրելիությունը և փոխադարձ ճանաչումը աստիճանաբար դառնում է ավելի դյուրին: Հայաստանի Հանրապետությունը 2005 թվականին ստորագրել է Բոլոնիայի հռչակագիրը և ընդգրկվել վերջինիս պահանջներին համահունչ բուհական համակարգի բարեփոխումների գործընթացում:

 

Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, ակադեմիական կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշ­վառման (արժևորման), կուտակման և փոխանցման համակարգ է, որտեղ համապա­տասխան որակավորման աստիճանը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ բովանդակության և քանակի ձեռք­բերումից հետո:
Կրեդիտների կուտակման և փոխանցման ECTS համակարգը միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսում­նական ծանրաբեռնվածությունը մեկ ուսումնական տարում գնահատվում է 60 ECTS կրեդիտ: Այն նախատեսված է բարձրագույն կրթության եվրոպական տարածքում (ԲԿԵՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչ­ման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար:

 

Կրեդիտային համակարգի հիմնա­կան գործառույթ­ները երկուսն են`

 
  • կրեդիտների փոխանցում, ինչը ենթադրում է ուսումնական ծրագրի բո­լոր բաղկացուցիչների աշխատածավալների կրեդիտների օգնու­թյամբ արժևորում և այդ կրեդիտների փոխանցման հնարավորություն,
  • կրեդիտների կուտակում, ինչը ուսանողին տալիս է դասախոսի, դաս­ընթացների և դրանց յուրացման կիսամյակների ընտ­րութ­յան, ինչպես նաև ուսումնառության ինտենսիվության կարգավորման հնարավո­րու­թյուն և ենթադրում է կրթական կրեդիտների աստիճանական կուտակ­ման գործընթացի առկայություն:

Այս գործառույթները բնութագրվում են մի շարք հատկանիշներով և ուղեկցվում համապա­տասխան ընթացակարգերով, որոնք ներկայացված են մեր էլեկտրոնային դասընթացում: