ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԳՊՄԻ-ում բակալավրիատի կրեդիտային կրթական ծրագրի դասընթացների արդյունքների ստուգումը կատարվում է ամփոփիչ և ընթացիկ ստուգումների ձևով:
Ուսումնական պլանով նախատեսված ընթացիկ և ամփոփիչ ստուգումների մասին ուսանողներին տեղեկացվում է ուսումնական կիսամյակի սկզբում: Ընթացիկ, ամփոփիչ ստուգումների արդյունքների և բազմագործոնային (վերջնական) գնահատականի վերաբերյալ տեղեկատվությունն ուսանողներին տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Առաջարկվում է ամփոփիչ, ընթացիկ ստուգումների կազմակերպման և անցկացման հետևյալ կարգը.

1. Շաբաթական լսարանային 4 և ավելի ժամ ծանրաբեռնվածություն ունեցող հատուկ մասնագիտական առարկաներից անցկացվում է երկու ընթացիկ ստուգում.

  • առաջին ստուգումը անցկացվում է ուսումնական կիսամյակի 9-րդ շաբաթում,
  • երկրորդ ստուգումը` 17-րդ շաբաթում:

Ուսումնական առաջին կիսամյակում ամփոփիչ ստուգումը իրականացվում է հունվարի 7-ից` 3-շաբաթյա տևողությամբ, իսկ երկրորդ կիսամյակի համար` հունիսի 7-ից` 3-շաբաթյա տևողությամբ (բացառությամբ ավարտական 8-րդ կիսամյակի, որի ամփոփիչ ստուգումները կազմակերպվում են 13-րդ շաբաթում): Ավարտական պետական քննությունները անցկացվում են 3 - շաբաթյա տևողությամբ: Ընթացիկ քննությունների անցկացմանը հատկացվում է 4 օր` ուսանողներին ազատելով դասընթացներից:

 2. Շաբաթական լսարանային 3 ժամ ծանրաբեռնվածություն ունեցող մասնագիտական առարկաների համար անցկացվում է ընթացիկ մեկ ստուգում` ուսումնական կիսամյակի 9-րդ շաբաթում, և անհատական աշխատանք, որը հանձնվում է 16-րդ շաբաթում:
3. Շաբաթական լսարանային 2 ժամ ծանրաբեռնվածություն ունեցող հատուկ մասնագիտական առարկաների համար անցկացվում է ընթացիկ մեկ ստուգում` ուսումնական կիսամյակի 9-րդ շաբաթում: Առարկայից ամփոփիչ ստուգումը կարող է անցկացվել 17-րդ շաբաթում կամ հիմնական քննաշրջանում:
4. Կիսամյակային ամփոփիչ 3-շաբաթյա տևողությամբ հիմնական քննաշրջանում անցկացվում է երկու և մեկ միջանկյալ ստուգումներով ընդհանուր և հատուկ մասնագիտական առարկաների ամփոփիչ ստուգումը: Եթե ամփոփիչ ստուգումների քանակը գերազանցում է 5-ը, դրանց մի մասը տեղափոխել 17-րդ շաբաթ` դեկանների կարգավորմամբ: Ընթացիկ ստուգումները անցկացվում են գրավոր եղանակով (ստուգողական աշխատանք,թեստավորում, անհատական աշխատանք), իսկ ամփոփիչ ստուգումները կարող են լինել բանավոր կամ գրավոր:
Ամբիոնի ներկայացմամբ և հիմնավորմամբ ամփոփիչ և ընթացիկ ստուգումների անցկացման ձևերի վերաբերյալ փոփոխությունները քննարկվում են ֆակուլտետային խորհրդում, որի ներկայացմամբ քննարկվում և հաստատվում են ինստիտուտի գիտական խորհուրդում:

 ա) Բանավոր ստուգումը կատարվում է քննատոմսերով` բաղկացած 3 հարցից` 30,30,40 կշիռներով:
բ) Գրավոր (ստուգողական աշխատանք) ստուգումն իրականացվում է հարցաթերթիկով` յուրաքանչյուր տարբերակը բաղկացած 8 հարցից, որից 2-ը պետք է ունենա 20 միավորանոց կշիռ, իսկ 6-ը` 10 միավորանոց կշիռ:
գ) Գրավոր (թեստավորում) ստուգումը կատարվում է թեստով` բաղկացած 16 կետից, յուրաքանչյուր կետ պետք է ունենա առնվազն 3 ակնկալվող պատասխան: Թեստի 12 կետից յուրաքանչյուրը պիտի ունենա 5 միավորի, իսկ 4-ը`10 միավորի արժեք:
դ) Անհատական աշխատանքն ուսանողի` արտալսարանային ինքնուրույն աշխատանքի տեսակ է, որի թեմաները նախապես պետք է տրվեն ուսանողներին: Թեման պետք է բաղկացած լինի 3 ենթակետից` 30,30,40 կշիռներով:
Ընթացիկ ստուգման կրկնակի կազմակերպում իրականացվում է ուսանողի հարգելի բացակայության դեպքում` դեկանի թույլտվությամբ, եթե ներկայացվում են բացակայությունը հիմնավորող փաստաթղթեր: Ստուգում կարելի է կազմակերպել ուսումնական պրոցեսից դուրս մինչև հաջորդ ընթացիկ քննությունը կամ ամփոփիչ ստուգումը:

  • Բանավոր քննությունների հարցաշարերը` հարցերի համապատասխան կշիռներով, պետք է տրամադրվեն ուսանողներին ստուգումից առնվազն տասը օր առաջ:
  • Ստուգողական աշխատանքների տարբերակների նմուշները (առնվազն 2 տարբերակ)` բաղադրիչ հարցերի համապատասխան կշիռներով, պետք է տրամադրվեն ուսանողներին ստուգումից առնվազն տասը օր առաջ:
  • Թեստային աշխատանքների նմուշները (առնվազն 2 տարբերակ) պետք է տրամադրվեն ուսանողներին ստուգումից առնվազն տասը օր առաջ:
  •  Անհատական աշխատանքների թեմաները` իրենց ենթակետերով և կշիռներով, պետք է տրամադրվեն ուսանողներին ստուգումից առնվազն տասը օր առաջ: